ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ԱՄՆ միջանցք տամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը տալիս է իր «պտուղները»։
Չինական մի քանի խոշոր ընկերություն չեն մասնակցի օրերս ՀՀ կառավարության կողմից մրցույթ հայտարարած Հյուսիս-Հարավ մագիստրալի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը։
Այս հատվածում են գտնվում Բարգուշատի և Քաջարանի թունելները (համապատասխանաբար 9.7 և 7.2 կմ երկարությամբ)։ Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո սա միակ հույսն էր, որ կվերականգներ ՀՀ-Իրան տրանսպորտային լիարժեք կապը։
Բազալտի ապարների մեջ թունել ծակել աշխարհում կարող են միայն մի քանի չինական ընկերություն։ Այս ճանապարհի գործարկման պարագայում չինական «One road one belt» Մետաքսի ճանապարհը գալու էր Իրան ու ապա ՀՀ միջով գնալու էր վրացական Անակլիա նավահանգիստ ու ապա նավով ծովով, Դանուբ գետով հասներ Եվրոպայի խորքերը։
Չինաստանի համար այս տարբերակն էր ընտրված. այս ճանապարհին թուրքական պետություններ չպիտի լինեին։ Հիմա դա վտանգված է. հայտնի չէ, ամերիկացիներն ու թուրքերը թույլ կտա՞ն, որ Իրանից եկող մայրուղին հատի Մեղրու միջանցքը։ Մենք մոտ 20 մլն տոննա տարանցիկ բեռնաշրջանառություն ենք կորցնում։
ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»։
Հուսանք, որ այնուամենայնիվ մի քանի կարող ընկերություններ կմասնակցեն մրցույթին»։