Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ: Ըստ տեղեկության` շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերեցին տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու պիտակներ, տարաներով 400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն ու կոնյակ: Մյուս երկու պահեստներում կար տարատեսակ օղիների, գինիների ու կոնյակների երկու հազարից ավելի շիշ:
Իրավապահներն այցելեցին նաև Շիրվազանդեի փողոցում գտնվող խանութ: Այստեղ կային «ՔյուԱռ» կոդեր, խցաններ, սպիրտով լցված տարաներ, իսկ ցուցափեղկին շարված էր պահեստներում հայտնաբերված կեղծ խմիչքների տեսականին:
Պահոստները տնօրինողը, նույն ինքը` խանութի տերը հայտնել է, որ իրավապահների հայտնաբերածը իրենն է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: