Foto

Հնդկաստանում 1 տարեկան երեխան կծել-սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայի

Հնդկաստանի Բիհարի նահանգում 1 տարեկան երեխան ատամներով կծել և սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայի՝ այն շփոթելով խաղալիքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Times հրատարակությունը։

Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամփարան բնակավայրում, հուլիսի 25-ին, երբ Գովինդա անունով փոքրիկը խաղում էր իրենց տանը։ Երեխայի տատիկը հայտնել է, որ կոբրան տուն է մտել, երեխան այն շփոթել է խաղալիքի հետ և բռնել, որից հետո կծել է կոբրային՝ սողունին երկու կես անելով։ Մինչ այդ օձը հասցրել էր խայթել տղային։

Ըստ բժիշկների՝ տատիկը նաև ասել է, որ երբ տեսել է տեղի ունեցածը և փորձել միջամտել, սատկած կոբրան ընկած է եղել հատակին, երեխան նույնպես արդեն կորցրել էր գիտակցությունը։ 

Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո, օձի թույնից թունավորման նշաններ չեն հայտնաբերվել: 

Ինչպես հայտնել են վայրի բնության փորձագետները, օձերին իրենց բնական միջավայրից դուրս մղել և նրանց մարդկանց բնակավայրերին մոտենալ կարող էին ստիպել վերջին ժամանակներս Հնդկաստանում տեղացած հորդառատ անձրևները:

Հնդկաստանում կա օձերի 300 տեսակ, որոնցից 60-ը չափազանց թունավոր են։