Մենք միշտ ժամը 7.40–ին Ոսկեվազից ավտոբուսով գնացել ենք Երեւան. հիմա այդպես չի, օրեր կան, որ ավտոբուսը չի գալիս։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 25–ին, Աշտարակ քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am–ի հետ զրույցում նշեց ակցիային մասնակցող Ոսկեվազ համայնքի բնակիչ Հասմիկ Մնացականյանը։
Նշենք, որ Աշտարակ քաղաքի ավտոկայանում բնակիչները բողոքում են «Մուլտի տրանսպորտ» ընկերությունից՝ նշելով, որ տրանսպորտն ուշացումներով է աշխատում, նաեւ տրանսպորտի թանկացել է։
«Երկրորդը, մենք իմացանք, որ 200 դրամով պետք է գնանք Աշտարակ, 300 դրամ էլ վճարենք, որ հասնենք Երեւան։ Այսինքն 500 դրամ պետք է ծախսեմ, որ հասնեմ Երեւան, այդքան էլ պետք է ծախսեմ, որ հետ գամ։ Իսկ առաջ ես 500 դրամով գնում էի Երևան եւ հետ էի գալիս Ոսկեվազ։ Հիմա ես որտեղի՞ց տամ դա։
Գագիկ Ծառուկյանը 50 հատ «Գազել» է ուղարկել Ոսկեվազին, 5 հատ «Գազել» չի քշվում։ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի համար բարերար է, մեզ համար անբավարար է։ Հիմա իմ գրպանը դատարկվում է, ինքը իմ գրպանով ուզում է փող աշխատի՞։ Որ վարորդը եկավ, եկավ ասում է՝ ես դիմում եմ գրել, գործից դուրս գամ, ինչի՞ համար։ Մենք վեց-յոթ վարորդ ունեինք, որ վզ-վզ տանում, բերում են, իսկ ինքը հիմա վարորդ է բերել Աբովյանից, Քյավառից, Սևանից, չգիտեմ որտեղից, իմ գիծը քշում է, մի բան էլ մուննաթ է գալի՞ս»,–ասաց նա։
Ոսկեվազի բնակչուհին նաեւ ընդգծեց, որ Աշտարակի քաղաքապետը իրենց խնդրել է մինչեւ ուրբաթ իրեն ժամանակ տալ, որ խնդիրը կարգավորի, իրենք էլ հարգել են խնդրանքը. «Եթե հարցի լուծումը չտան, մենք ուրիշ ձևի կմոտենանք, ավելի շատ մարդ կլինի ու չգիտեմ ինչ կանենք»։
Բնակչուհին բողոքեց նաեւ նոր վարորդների վարքից. «Ասում եմ՝ ինչի՞ ես կանգնել, չես քշում, ասում է՝ պիտի գլխաքանակ տամ։ Մենք հո ոչխա՞ր ենք, որ գլխաքանակ են հաշվում»։