ՀՀ-ում, վերջին տարիների քաղաքական իրադարձություններով պայմանավորված, բազմաթիվ են խաղաղ հավաքները,
վարչական ձերբակալումները, այդ հավաքների ազատության սահմանափակումը, որոնք մի շարք
իրավական տարակարծությունների տեղիք են տալիս։ Vesti.am թեմայի վերաբերյալ հարցեր է ուղղել փաստաբան Դավիթ Հունանյանին։
-
Պարո՛ն Հունանյան,
երբ ասում ենք խաղաղ հավաքների ազատություն, ի՞նչ պետք է հասկանալ։ Ո՞րն
է խաղաղ հավաքը։
-
Խաղաղ հավաքը ժողովրդավարության հիմքն է, որը հնարավորություն
է տալիս ձևավորել հասարակական կարծիք և դրա շուրջ համախմբել մյուսներին։ Օրենքի ձևակերպմամբ՝
հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ
վայրում՝ հանրային հետաքրքրության շուրջ որևէ կարծիք ձևավորելու կամ արտահայտելու համար։
Եթե հավաքն ունի ագրեսիվ բնույթ կամ զինված մարդիկ կան մասնակիցների թվում, ապա Հավաքների
ազատության մասին օրենքն այդտեղ կիրառելի չէ։
-
Այդ դեպքում ո՞րն
է խաղաղ անհնազանդությունը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն նախապես ծանուցվող և
ինքնաբուխ հավաքները։
-
Խաղաղ անհնազանդությունն ավելի շատ դոկտրինալ հասկացություն
է։ Իմաստն այն է, որ քաղաքացին կարող է չենթարկվել որևէ քաղաքական որոշման։ Անհնազանդություն
գործադրելով՝ քաղաքացին կիրառում է իր դիրքորոշում հայտնելու Սահմանադրական որոշումը։
-
Օրինակ՝ փողոցները
փակել, մեքենաներ կանգնեցնել չթույլատրված վայրերում և այլն։ Սրանք օրինական անհնազանդ
գործողությու՞ններ են։
-
Այո՛, դրանք դասական օրինակներ են, որոնց վառ դրսևորումը մենք
տեսանք 2018թ․-ի իշխանափոխության ժամանակ։ Հավաքների ազատության մասին օրենքը
նշում է, որ պետք է դրա անցկացման մասին նախապես իրազեկեն ՏԻՄ մարմիններին, բայց եթե
2018թ․-ին գնային և ասեին, որ ցանկանում են փողոց փակել՝ ՏԻՄ-ն իր
համապատասխան գործողություններով, հավանաբա,ր կսահմանափակեր այդ հավաքների անցկացումը։
Այս դեպքում կիրառելի են մինչև 100 հոգուց բաղկացած շտապ կամ ինքնաբուխ հավաքները,
որոնք իրազեկում չեն պահանջում։ Օրենքով՝ իրազեկման դիմումը ստանալուց հետո, ՏԻՄ-ը,
եթե գտնում է, որ սահմանափակվում են այլ անձանց իրավունքները, պետք է լսումներ կազմակերպի
և գնա պարզապես երկխոսության, թեև նկատենք, որ նման պրակտիկան կիրառելի չէ։ Եթե ամեն
դեպքում քաղաքացին ընտրում է փողոցը փակելու ելքը և եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ոստիկանը պետք
է ապահովի նրա դիրքորոշում արտահայտելու իրավունքը՝ այսինքն՝ պարզապես պահպանի հասարակական
կարգը։
-
Մի դեպքում շատ
հստակ է օրենքը՝ որ հետիոտնը պետք է գտնվի մայթին, խաչմերուկներում և կամուրջների վրա
մեքենաներ կայանել չի կարելի և այլ, մյուս կողմից էլ կա ազատ արտահայտվելու սահմանադրական
իրավունքը։ Ինչպե՞ս պետք է գործի ոստիկանությունն այս դեպքում։
-
Իրականում շատ նուրբ սահման է։ Օրենքում մի կարգավորում կա՝
մասնավորապես, եթե հավաքը կազմակերպելիս իրազեկման պահանջները խախտված են, ոստիկանությունը
պետք է այդ մասին տեղեկացնի, որ հավաքը անօրինական է, ողջամիտ ժամանակ տրամադրի քաղաքացիներին,
ապա նաև հայտնի՝ չկատարելու դեպքում ի՞նչ իրավական հետևանքներ կարող են առաջանալ։ Այստեղ
հիմնական խնդիրը վարչական ձերբակալումն է։ Ներկայումս, օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված,
նախատեսված է նաև վարչական տույժ, որը նախկինում չկար։ Եթե հավաքը խաղաղ է, ապա ոստիկանությունը
պարտավոր է աջակցել հավաքին, ինչն էլի ողջամտության սահմանում պետք է լինի։ Երբ ոստիկանությունը
հավաքը ցրելու համար անմիջապես հատուկ միջոց կիրառի, գուցե ավելի մեծ ալիք բարձրանա։
Ոստիկանությունը պետք է գործի ըստ վարչարարության համաչափության սկզբունքի՝ երեք հիմնական
չափանիշների՝ պիտանի, անհրաժեշտ և չափավոր։ Եթե ոստիկանության գործողություններում
դրանցից որևէ մեկը խախտվում է, ապա խախտվում է նաև հիմնական սկզբունքը, նպատակը՝ համաչափությունը։
Ոստիկանությունը պետական համակարգից այն բացառիկ մարմինն է, որը հնարավորություն ունի
տեղում անմիջապես լուծել իրավախախտման առկայությունը։ Չկա կանոն ոստիկանության գործողությունների
մասին, կան միայն չափանիշներ։ Ոստիկանությունը բոլոր հասարակարգերում պետք է տեղում
գնահատի իրավիճակը և գործի այդ իրավիճակին համահունչ։
-
Բոլոր հավաքների
ժամանակ և՛ ոստիկաններն են հայտարարում, որ հավաքի մասնակիցների մեջ կան սադրիչներ,
և՛ հավաքի մասնակիցներ են նման հայտարարություն անում՝ ակնարկելով, որ դրանք ներդրված
սադրիչներ են, օրինակ՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և այլն։ Անձերի հակաօրինական,
սադրիչ գործողությունները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ հավաքը համարվի անօրինական կամ
ոչ խաղաղ։
-
Հավաքների ժամանակ իրապես սադրել միշտ հնարավոր է։ Հավաքների
ընթացքը կարգավորող նորմը նշում է, որ անկախ հավաքի բնույթից, պետք է հայտարարել, թե
ով է այդ հավաքի ղեկավարը, նույնիսկ եթե տեղում են որոշում, թե ով կառավարի հավաքի
ընթացքը։ Հավաքի ղեկավարը կարող է ոստիկանությանը տեղյակ պահել, որ իրենց որոշած կարգը
խախտող որոշակի մասնակիցներ կան և խնդրի հեռացնել նրանց։ Պրակտիկայում, իհարկե, սա քիչ է կիրառվում, կարծում եմ։
-
Որո՞նք են իրավական
պաշտպանության միջոցները, երբ քաղաքացուն խոչընդոտում են մասնակցել խաղաղ հավաքի։ Օրինակ՝
Մայր Աթոռի դեպքի օրը դեպի Էջմիածին տանող ճանապարհին ոստիկանները թույլ չէին տալիս,
որ Երևանից քաղաքացիները հասնեն Էջմիածին։
-
Ոստիկանությունը կարող է արգելել միայն այն դեպքում, երբ հավաքն
անօրինական է։ Այս դեպքում իրավապահ մարմինների աշխատանքին խոչընդոտել էին դիտարկում։
Կար նախաձեռնված վարույթ, որով անձի հետ պետք է տեղի ունենար իրավական գործողություն։
Հասկանալի է նաև զգացմունքային և բարոյական կողմը՝ քաղաքացիներն ասում էին, որ պետք
է այդ մարդու հետ իրավական գործողություն չիրականացնել, իրենց ցասումն էին արտահայտում: Բայց ոստիկանությունը, որպես իրավական գնահատական, դիտարկում էր իրավապահների գործողությունների
խոչընդոտումը և գործում էր ըստ իրավիճակի։ Արդյո՞ք պահպանված էին վերը նշված չափանիշները՝
կարելի է դիտարկել վարույթ հարուցելով և պատշաճ քննություն իրականացնելով։