Foto

«Հուդան»՝ Արմեն (Սարգիս) քահանա Մելքոնյանը հրաժարվել էր հոգևոր ծառայություն մատուցել՝ բողոքելով վարձատրությունից

Հայ առաքելական սուրբ եկեղեցու և Վեհափառի դեմ արշավում, ինչպես հայտնել ենք, ակտիվորեն ներգրավված են ՀԱԵ-ից երբևէ հեռացված, կարգալույծ եղած հոգևորականները, որոնց ծառայությունը թեմերում ուղեկցվել է բազմաթիվ սկանդալներով։

Նրանցից ամենաակտիվը, թերևս, կարգալույծ Արմեն (Սարգիս) քահանա Մելքոնյանն է, որի գործունեության ուշագրավ դրվագները «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել՝ հիմնվելով բացառապես փաստերի վրա։

Արմեն քահանա Մելքոնյանը, հիշեցնենք, քահանայական օծում ստացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։ Սակայն ջանք չի խնայել Եվրոպա տեղափոխվելու համար, ինչի մասին ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։ Ի վերջո, նա տեղափոխվել է,  Եվրոպա, բայց թե ինչպես եւ ում կարգադրությամբ այդպես էլ մնացել է անհասկանալի։ Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում օծում ստացած քահանան Եվրոպայում ներթափանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր իշխանության ներքո գործող համայնքներ ու, այդքանով հանդերձ, հրաժարվել ենթարկվել որեւէ մեկի։ Նրա միակ մտահոգությունը վարձատրությունն էր, խառնակչությունը,  քաղաքական գործունեությունը։  

Խառնակիչ մերժվածը

Արմեն քահանան, տեղափոխվելով Եվրոպա, փորձել է ոչ թե բարյացակամ հարաբերություններ հաստատել մյուս հոգեւոր հայրերի, ծխերի պատասխանատուների հետ, այլ հակառակը՝ ուշադրության կենտրոնում եղել է միայն վարձատրությունը՝ առանց պարտականությունների։

Դեռ այն ժամանակ նա Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Զատիկ Վարդապետ Ավետիքյանին բացահայտ ասել էր,որ ինքն ազատ քահանա է եւ  որևէ եկեղեցական կառույցի կամ իշխանության տակ պաշտոնապես լիիրավ ծառայելու տրամադրություն կամ ցանկություն չունի։ Այսինքն՝ չի ցանկացել որեւէ մեկին ենթակա կամ հաշվետու լինել՝ ի հեճուկս գործող կարգ ու կանոնի։

Հրաժարվելով կանոնավոր հոգևոր սպասարկումից՝ քահանա Արմենը փորձել է Մայր Աթոռին տրամադրել Զատիկ վարդապետի դեմ՝ նրան մեղադրելով անգործության մեջ, թե աշխատանք չի կատարում ծխական կյանքը կանոնավորելու ուղղությամբ։

Տարաբնույթ քննարկումներից հետո՝ 2012 թվականի դեկտեմբերին, ի վերջո,  պատրաստակամություն  հայտնել  է Բելգիայում պաշտոնապես անցնել ծառայության, բայց ոչ թե այնտեղ, որտեղ կնշանակեն, այլ ընտրել է  միանգամից երկու մեծ քաղաք՝ Անտվերպեն և Մեխելեն։ Համայնքի ներկայացուցիչները «Փաստինֆո»-ին պատմեցին, որ դեռ այն ժամանակ այս նախաձեռնությունը մեծ ընդվզում էր առաջացրել։  Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական այն ժամանակվա պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը  անգամ խորհրդակցություն էր հրավիրել՝ հարցը քննարկելու համար, որի ժամանակ Արմեն քահանային որեւէ պաշտոն վստահելը հավանության չէր արժանացել։

Համայնքում անընկալելի էր եղել այդ քահանայի նախանձախնդրությունը այդ երկու մեծ քաղաքների նկատմամբ, երբ ոչ Անվերս, ոչ Մեխելեն քաղաքներում ձեւավորված  ծուխեր չեն եղել, հետեւապես չեն ունեցել նաեւ գրանցված կանոնադրություններ։ Բելգիայի եկեղեցական իշխանությունը չէր թաքցրել իր վիրավորվածությունը ու դեռ այն ժամանակ Մայր Աթոռին փոխանցել իրենց մտահոգությունը, որ Արմեն քահանայի գործողությունները կարող են  գաղութի մեջ անտեղի վեճերի դուռ բանալ։

Հետագայում բելգիական համայնքում մտահոգիչ տեղեկություններ  շրջանառվեցին նաեւ առ այն, որ այդպիսով նա փորձում է քողարկել իր մեկ այլ՝ կասկածահարույց գործունեություն, որը վերաբերում էր քրդերի տեղափոխությանը դեպի Բելգիա։ Այն, որ տեր հոր համար նյութականը միշտ էլ առաջնային է եղել, չի թաքցրել նաեւ ինքը, որն անգամ գրավոր նամակ, պահանջներ է պարբերաբար հղել ու անգամ սպառնացել դադարեցնել իր հոգեւոր ծառայությունն ընդհանրապես, եթե իր պատշաճ վարձատրության հարցը չկարգավորվի։ Հարկ է նկատել, որ նա շատ ավելի հանդուգն էր դարձել հատկապես Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրոք։ 

Դժվար է ասել, թե որն էր նրա նման  հանդգնության պատճառը, գուցե՞ արքեպիսկոպոսի բացառիկ ներողամտությունն ու համբերատարությունը։ Փաստն այն է, որ  նրա հակաեկեղեցական գործունեությունը և քաղաքական ակտիվությունը տեւել են տարիներ ու նա մինչեւ այս տարի շարունակել է ներկայանալ որպես ձեռնադրված քահանա՝ չնայած հակաեկեղեցական վարքագծին։ Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ թեեւ 2020 թվականին նա անգամ Խաժակ արքեպիսկոպոսին «սպառնացել էր» ինքնակամ դադարեցնել իր հոգեւորականի գործունեությունը, եթե իր փողի հարցը չլուծվի, բայց հետո մտքափոխվել ու հետ վերցրել դիմումը՝ թերևս հենց եկեղեցու ներսից շարունակելու իր հակաիրավ գործունեությունը։

Մելքոնյանի խիստ տարօրինակ, որկրամոլ և հոգևորականին ոչ հարիր վարքագծի մասին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ուղղված բազմաթիվ ահազանգերը եղել են ապարդյուն։ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը կամ չի ցանկացել, կամ անզոր է եղել քահանային հոգեւորական ծառայության ուղի վերադարձնել։

Եկեղեցու դեմ՝ եկեղեցու ներսից

Արմեն քահանան ոչ միայն չի սթափել իրեն ուղղված սթափության կոչերից, այլ ավելի հանդուգն է դարձել ու  բացահայտ զբաղվել է քաղաքականությամբ։ 2016 թվականին նա իր աջակցությունն է հայտնել «Սասնա Ծռերի» գործողություններին, մասնակցել քաղաքական միջոցառումների։ Դրանց թվում է նաև 2016 թ․ դեկտեմբերին Կանադայում տեղի ունեցած «Հայկական վերածնունդ» կազմակերպության ժողովը։ Մասնակիցներից մեկը պատմեց, որ դեռ այն ժամանակ  Արմեն քահանան հնչեցրել է մտքեր, որոնք այսօր արտաբերվում են  Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ընդհուպ եկեղեցին համեմատելով խանութի հետ, թե  որոշ ընտանիքներ եկեղեցիներ են վարձակալում,  քահանա կանչում պատարագելու։  Ավելին, նա անգամ բողոքել էր, թե ինչու է հավաքը տեղի ունենում հյուրանոցում և ոչ թե եկեղեցու սրահում։ Ըստ նրա՝ եկեղեցին պետք է սրահ տրամադրեր նման քաղաքական ակցիաների համար։

Հակաեկեղեցական այս տրամադրություններին մասնակիցները հակազդել են հենց տեղում։
 

Արմեն քահանա Մելքոնյանը խառնակիչ գործունեությունը Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության ներքո գործող համայնքներում ստեղծել էր բավական անառողջ մթնոլորտ, ինչի վրա թեմերի առաջնորդները պարբերաբար ուշադրություն էին հրավիրում ու խնդրի լուծում առաջարկում։


Վերևում արդեն գրել ենք, որ նրա խառնակիչ  ու անվստահելի գործունեության մասին դեռեւս 2012 թվականին բարձրաձայնել էր Նորվան արքեպիսկոպոսը, սակայն տարիների ընթացքում բողոքները ալիքը նոր թափ է ստանում։

Նա փաստել էր, որ տեր Արմենը Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության զանազան եկեղեցիներում փորձում է ծառայել առանց իր արտոնության, ինչին զուգահեռ նաեւ փորձել է Նորվան սրբազանին հանել Վեհափառ Հայրապետի և Հայաստանի իշխանությունների դեմ։ Բացի այդ՝  քահանան լուրջ խնդիրներ է ունեցել նաեւ Բելգիայի փոխանորդի հետ։ Մեզ հաջողվեց պարզել, որ տեր Արմենը Գերմանիայի թեմի մաս ևս երբեւէ չի կազմել, մնայուն պաշտոն չի ունեցել։  Այդ տարիներն անգամ հոգեւոր հայրերը փորձել են հասկանալ,  թե ում արտոնությամբ է Արմեն քահանան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից տեղափոխվել Սուրբ Էջմիածնի Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության ներքո, բայց ապարդյուն։

Հետագայում միայն պարզվում է, որ տեր Արմենն իր հովվական ծառայությունը ցանկություն է հայտնել անցկացնել Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության շրջանակում և նրա անմիջական հոգևոր վերադասը եղել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ընդդեմ Վեհափառի

Օգտվելով իր նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների բացակայությունից՝ Արմեն քահանան 2018 թվականին արդեն բացահայտ դուրս է եկել Վեհափառի դեմ՝ ներգրավվելով «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» ակցիաներին, հանդես եկել որպես բլոգեր ու հարցազրույցներ վարել հակաեկեղեցական հայացքներ ունեցող անձանց, այդ թվում՝ Քրիստինե Հալաջյանի, «Դոգի» հետ։ Սա արդեն մեծ իրարանցում է առաջացրել եվրոպական համայնքներում և քահանա չունեցող ծխական խորհուրդները փորձել են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որ հանկարծ սույն անձը իրենց մոտ որպես քահանա չնշանակվի։ Ընդհուպ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լեւոն Սարգիսը դիմել է Վեհափառ Հայրապետին՝ մտահոգված, որ տեր Արմենը իր քայլերով մեծ հարված է հասցնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։

Կարգալույծը

Տարիներ շարունակ բազմաթիվ բողոքներ են հղվել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին՝ քննարկելու Արմեն քահանայի հետ կապված առկա կարգապահական հարցերը՝ արձանագրումով, որ նրա անընդունելի վարքագիծը չի կարող անարձագանք մնալ եկեղեցական իշխանության կողմից։ Խաժակ արքեպիսկոպոսը փորձել է նրան դարձի բերել իր հայրական խրատներով, բայց Արմեն քահանան եղել է անդրդվելի իր հակաեկեղեցական քայլերում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ Սրբազանը եւս  արքեպիսկոպոսին գրավոր մի քանի ծանուցումներ է ուղարկել,  պարզաբանել, որ ընդունված կարգի համաձայն՝ Կարգապահական հանձնախմբի միջամտությունների անհրաժեշտությունը ծագում է այն պահից, երբ սպառված են հոգևոր անմիջական վերադասի կողմից իրագործված կարգապահական միջոցառումները։ Հետեւապես՝ նախ  պետք  է անմիջական վերադասը քայլեր իրականացնի։

Տեր Արմենի հարցը կարգապահական հանձնաժողովում քննարկվել  է միայն 2025 թվականին, մինչ այդ՝ 2024 թվականին, նա հաջողացրել է  կապի մեջ մտնել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ և ինքնակոչ քահանայական ծառայություն իրականացնել Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում։ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արմեն քահանային գրավոր նամակով հորդորել է դադարեցնել իր հակականոնական ընթացքը և վերադառնալ իր նախկին ծառայության վայր։ Սակայն վերջինս մերժել է Սրբազան Հոր կոչը։

Այս տարվա մարտին կարգապահական հանձնախումբը 6 դրվագ է առանձնացրել նրա կողմից կատարված կարգազանցությունների ու նրան կարգալույծ հռչակել։

Արձանագրված խախտումներն են՝
• Եկեղեցականի հնազանդության ուխտի դրժում,
• Ծառայության վայրի ինքնակամ լքում,
• Առանց թեմակալ առաջնորդների արտոնության՝ եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայության իրականացում,
• Հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորում,
• Հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում և զրպարտչական հայտարարություններ։

Եկեղեցուց վտարված այս անձը՝ Սարգիս Մելքոնյանը, այսօր էլ շարունակում է սքեմ կրել՝ մոլորեցնելով հանրությանը։ Վերջինս ակտիվ դերակատարում ունի ՀԱՍԵ-ի դեմ իրականացվող արշավի շրջանակներում, թերևս հույս ունի, որ կաթողիկոսի փոփոխությամբ կարող է վերադառնալ եկեղեցի և բարձր պաշտոն ստանալ։

Աղբյուր՝ Փաստինֆո