Սիրիայի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները շաբաթ օրը դեմ առ դեմ հանդիպում են ունեցել Բաքվում՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում, հայտնում են Al Arabiya և AFP գործակալությունները՝ հղում անելով Դամասկոսում դիվանագիտական աղբյուրին։
Այս հանդիպումը կարևոր քայլ է տասնամյակներ շարունակ թշնամի համարվող երկու երկրների համար և տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը սկզբում սառն էր վերաբերվում աշ-Շարաայի վարչակազմին՝ «Ալ-Քաիդայի» հետ նրա նախկին կապերի պատճառով, գրում են լրատվամիջոցները։
«Աշ-Շարաայի՝ Բաքու կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների միջև»,- ասել է աղբյուրը, որը հարցի նրբանկատությունից ելնելով՝ ցանկացել է անանուն մնալ։
Ինչպես ընդգծում է Al Arabiya-ն, Իսրայելը զենքի խոշոր մատակարար է Ադրբեջանի համար և զգալի դիվանագիտական ներկայություն ունի այս կովկասյան երկրում, որը սահմանակից է իր երդվյալ թշնամուն՝ Իրանին։
Աղբյուրը հավելել է, որ ինքը՝ աշ-Շարաան, չի մասնակցել հանդիպմանը, որը նվիրված է եղել «Սիրիայում Իսրայելի վերջին ռազմական ներկայությանը»։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո՝ դեկտեմբերին, Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել երկրին, որպեսզի կանխի առանցքային ռազմական օբյեկտների հայտնվելը աշ-Շարաայի գլխավորած ժամանակավոր վարչակազմի ձեռքում։ Նա նաև զորքեր է ուղարկել ՄԱԿ-ի կողմից չպարեկվող բուֆերային գոտի, որը նախկինում բաժանում էր հակամարտող ուժերին ռազմավարական Գոլանի բարձունքներում, որտեղից էլ ներխուժումներ էր կատարում հարավային Սիրիայի խորքը։
Աշ-Շարաան բազմիցս հայտարարել է, որ Սիրիան չի ձգտում հակամարտության իր հարևանների հետ և փոխարենը խնդրել է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հարձակումները դադարեցնելու համար։ Վերջերս նրա կառավարությունը հաստատել է, որ անուղղակի շփումներ է պահպանել Իսրայելի հետ՝ ձգտելով վերադառնալ 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագրին, որով ստեղծվել էր բուֆերային գոտին։ Անցյալ ամսվա վերջին արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելը շահագրգռված է Սիրիայի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման համաձայնագրի կնքմամբ։ Սիրիայի կառավարությունում աղբյուրը, որին հղում են անում պետական լրատվամիջոցները, պատասխանել է, որ նման խոսակցությունները «վաղաժամ» են։
Սակայն այս շաբաթ Լիբանան կատարած այցի ժամանակ Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է. «Սիրիայի և Իսրայելի միջև երկխոսությունը սկսվել է»։
Մայիսին Էր-Ռիադում աշ-Շարաայի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ հույս է հայտնել, որ Սիրիան կմիանա արաբական մյուս պետություններին, որոնք կարգավորել են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ։
Բաքու կատարած այցի ընթացքում աշ-Շարաան բանակցություններ է վարել իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, հայտնել են երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները։
Ադրբեջանը հայտարարել է, որ Թուրքիայի միջոցով գազի արտահանում կսկսի Սիրիա, որը երկու երկրների կառավարությունների առանցքային դաշնակիցն է, ասված է Ադրբեջանի ղեկավարության հայտարարության մեջ։