Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Աբու Դաբիում (ԱՄԷ) Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումից։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն այս հանդիպմանը կարող է հանձնել ամեն ինչ, իսկ Ալիևի և Էրդողանի հիմնական պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
«Նրանից ամեն ինչ կարելի է սպասել, նա կարող է հանձնել ամեն ինչ, քանի որ վաղուց կորցրել է սեփական սուբյեկտայնությունը և, իհարկե, ոչնչացրել է հայկական պետության սուբյեկտայնությունը, ուստի նա հանձնում է ամեն ինչ։ Մի քանի դար բոլոր վերլուծաբանները համարում էին, որ «Մեծ Թուրան»-ի ի հայտ գալու խոչընդոտը, որը կարող էր սպառնալ և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին, և՛ նույնիսկ Չինաստանին, հայկական սեպն էր, սակայն ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, որ հայկական սեպը հանվելու է հայ ղեկավարների ձեռքով։Իհարկե, և՛ Ալիևի, և՛ Էրդողանի հիմնական պահանջն, ինչպես իրենք են անվանում, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Իսկ Փաշինյանն ասում է՝ դե, ինչ կա դրանում, կգնան այս ու այն կողմ, և մենք էլ կգնանք այս ու այն կողմ։ Պատկերացնո՞ւմ եք, երբ այդ մարդիկ կգնան այս ու այն կողմ, այդ 2-3 միլիոնը պարզապես կընկնեն ոտքերի տակ, քանի որ հրաշքով պահպանվող անկախությունը, ինքնուրույնությունը կոչնչացվի բառացիորեն հաշված ամիսների կամ տարիների ընթացքում։
Եթե հիմա Իրանը թուլանա, և եթե Ռուսաստանը դեռ երկար զբաղված լինի իր գործերով, ապա ո՞վ կօգնի այս հողակտորին, փոքր թվով մարդկանց, ո՞վ կմտածի այդ մասին։ 150 000 հայերի արտաքսեցին Ղարաբաղից, այս ժողովուրդը փաստացի հերթական ցեղասպանությունն ապրեց, և ոչ ոքի դա չէր հետաքրքրում, ոչ ոք չբարձրացրեց այս հարցը ո՛չ եվրոպական խորհրդարանական ամբիոններից, ո՛չ ամերիկյան։ Իսկ ինչո՞ւ։ Իսկ ինչ կարող ենք անել, եթե Հայաստանի ղեկավարներն են այնպիսի դիրքորոշում որդեգրել, որ իրենց ինքնուրույն Հայաստան պետք չէ»,-ասել է Միհրանյանը։