Մինչ բոլորս զբաղված ենք այս կամ այն գռեհկաբանություններով համեմված հերթական գրառումը, ինչ-մեկի կիսագողական բառապաշարով Հ1-ի ելույթը, խորհրդարանում փողոցային քաշքշուկը կամ այլ խիստ «արդիական» հարցեր քննարկելով, տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Ինչպես Արցախի պարագայում, մեր վերնախավերն այդպես էլ չհասկացան, որ թշնամու համար չկա առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, այլ դրված է ամբողջ Հայաստանի հարցը, նույն կերպ էլ այժմ մեր քաղաքական, հասարակական, մտավորական, տնտեսական և այլ վերնախավերը չեն ցանկանում առերեսվել այն իրականության հետ, որ հենց այդ թշնամական քաղաքանության շարունակությունն է Հայաստանի ներկառուցման փորձը «Թուրանի» շրջանակներում, որն, ի դեպ, ցավալիորեն, հենց Հայաստանի ներսում ունի ազդեցիկ աջակիցներ։
Տխրեցուցիչն այն է, որ մանր-մունր այս օրակարգերում մաշվելով, մեր հասարակությանն առաջնորդելուն միտված վերնախավերը չեն էլ նկատում, որ Հայաստանի զինանշանի առասպելական Արարատն, ի վերջո, ոչ թե փոխվելու է մեզ համար ոչ պակաս սրբություն Արագածով, այլ, պատկերավոր ասած, թուրքական բանջարանոցներում աճեցված լոլիկի պատկերով, որի առքուվաճառքն էլ, Աստված մի արասցե, դառնալու է ազգային «ամենավեհ» երազանքը։