Երգիչ, հաղորդավար Արամ MP3-ին «2 աստղ» նախագծի ավարտից հետո կիսվել է նախորդ եթերաշրջանից տեսանյութով, որտեղ հանդես էր եկել Շպռոտի հետ՝ կատարելով «The Show Must Go On» երգը: Զույգը հաղթող էր ճանաչվել առաջին «2 աստղ»-ի ժամանակ: Երգիչն այս եթերաշրջանում Գրիգի հետ վարում էր նախագիծն ու Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանել էր, որ ավելի հետաքրքիր էր հանդես գալ որպես մասնակից, քան հաղորդավար:
«Մասնակցելն ավելի հաճելի է, քանի որ կա էքստրիմ, լարվածություն, պայքար, արցունքներ, ժպիտ ու ծիծաղ: Մի խոսքով՝ երանի նրանց, ովքեր առաջին անգամ են մասնակցում նախագծին, որովհետև իմ հեռուստատեսային պատմության մեջ որպես նախագծի մասնակից ամենատպավորիչ ու հիշարժան նախագիծն է եղել, որն ինձ հետագայում օգնել է իմ գործունեության մեջ, ինձ սկսել են ճանաչել որպես երգիչ: Այս նախագծից հետո շատ մարդիկ կլինեն, որոնց ճանապարհը լրիվ այլ ուղղությամբ կգնա»,- մեզ հետ զրույցում նշել էր Արամ MP3-ին:
«18 տարի առաջ՝ արկածախնդիր ու խենթ մի երիտասարդ կանգնեց այս բեմին ու երգեց «The Show Must Go On»՝ դեռ չիմանալով, թե ինչ է կյանքը պատրաստել իր համար և ինչ է իսկական շոուն։ Այստեղ սկսվեց իմ երաժշտական ճանապարհը՝ լի բազում երազանքներով, փորձություններով, սխալներով, երգերով ու մի քիչ սխալ նոտաներով:
Եվ ահա այսօր, տարիներ անց, կրկին կանգնած եմ նույն բեմին արդեն ահագին կյանքով իմաստացած: Էլ այդքան երիտասարդ չեմ, ձայնիս խռպոտությունն է ավելացել, բեմական համարձակությունս, գլխիս ճերմակը, և իհարկե փորձս:
Այս անգամ «The Show Must Go On»-ը հնչում է այլ կերպ… այս անգամ այն իմ պատմությունն է։
Բեմում հանդիպել են անցյալս ու ներկաս և իհարկե շոուն, որը պիտի շարունակվի»,- տեսանյութին կից գրել է Արամ MP3-ին: