Foto

Մեր երկրի կարևորագույն խնդիրների հարցում Եկեղեցին ունի իր խոսքի իրավունքը և նրան լռեցնել հնարավոր չէ. Աշոտ Մելքոնյան

Հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդի և հայոց պետականության ակունքներում, միանաշանակ պետք է տեսնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն: Այս մասին «Եկեղեցին պետական ակունքներում» թեմայով պատմաբանների համաժողովում ասաց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

«Այսօր էլ, մեր խորին համոզմամբ, մեր եկեղեցին մնում է այդպիսին և մեր սրբություններին կպչել չի կարելի: Ես, որպես ազգային ակադեմիայի ներկայացուցիչ, ասեմ նաև՝ այդ սրբությունների մեջ դասում եմ նաև ԳԱԱ-ն, Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը: Սրանք ազգային արժեքներ են, որոնց կպչել չի կարելի»,- ասաց նա:

Մելքոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ կան խնդիրներ, որոնք անպայմանորեն լուծելի են: «Խնդիրներ կան ամենուր. կան Ակադեմիայում, համալսարանում, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում: Բարեփոխումների խնդիր կա, բայց նման վերաբերմունք անհանդուրժելի է մեր եկեղեցու նկատմամբ: Մենք, որպես հավատավոր Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ և որպես գիտնականներ, պարտավոր ենք մեր խոսքն ասել մասնագիտորեն և մեր հանրությանը կրկին հիշեցնել, որ հայոց պետականությունը և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նույն հարթության վրա են:

Մեր ազգի կարևորագույն խնդիրների հարցում մեր եկեղեցին անպայմանորեն ունի իր խոսքի իրավունքը և նրան լռեցնել հնարավոր չէ, ինչպիսին նա եղել է բոլոր տիրապետությունների ժամանակ և այդպիսին պետք է լինի առավել ևս անկախ երրորդ Հանրապետության պարագայում»,- ասաց նա: