Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ կանխվեց Հայաստանի պետականության դեմ կազմակերպվող հանցագործություն, զուգահեռներ տարավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ, այնուհետև շեշտեց, որ ԱԱԾ, դատախազության, ՔԿ-ի ու ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցները պետք է ներկայացվեն պարգևատրման։ Ու սա այն դեպքում, երբ դեռ երեկ են ձերբակալել մարդկանց, ոչինչ դեռևս ապացուցված չէ ու չկա դատարանի վճիռ։ Մինչդեռ իրավաբանությունից նույնիսկ հեռու անձն է տեղյակ, որ մարդը կարող է հանցագործ համարվել միայն այն ժամանակ, երբ առկա է դատարանի վճիռ։ Խոսքը բնականաբար քաղաքակիրթ երկրների մասին է, բայց ինչևէ, տեսականորեն այս դրույթը գործում է նաև Հայաստանում։
Այսինքն՝ Կառավարության նիստում ոչ միայն ոտնահարվեցին Սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային պայմանագրերը, այլև Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես իրեն հռչակեց բռնապետ։ Կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը՝ նա դեռևս միայն կասկածը (իր իսկ կողմից թելադրված) համարեց որպես հանցագործության կայացած փաստ, ավելին՝ հենց Կառավարության նիստում հրահանգ իջեցրեց դատավորներին, թե ինչպիսին պետք է լինի վճիռը։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում կայացրեց դատական վճիռը, որը դատավորներն ընդամենը պետք է կարդան, ինչը նշանակում է, որ հետագա դատական բոլոր գործընթացները լինելու են ընդամենը ֆարս, խեղկատակություն՝ դատավորների ու մեղադրողների դերակատարմամբ, որովհետև և’ մեղադրողը, և’ դատավորը մի մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Չի բացառվում, որ իրավիճակի փոփոխության դեպքում նա հանդես գա նաև փաստաբանի դերում։
Հաջորդ աղաղակող փաստն այն է, որ հենց Կառավարության նիստում Փաշինյանը խոստովանեց, որ երեկվա ձերբակալությունները ոչ թե իրավական գործընթաց էին, այլ իր կողմից հրահանգավորված քաղաքական հաշվերհարդար։ Իրավապահ համակարգի աշխատողները պարգևատրվելու են ոչ թե այս կամ այն հանցագործությունը բացահայտելու, այլ՝ Փաշինյանի հրահանգները ճիշտ կատարելու համար։ Պարգևատրման անոնսը մեկնարկն է այն գործընթացի, որ Փաշինյանը ձևավորում է ուժայինների այնպիսի կառույց, որի աշխատակիցները հանդիսանալու են ոչ թե պետական ծառայողներ, այլ դառնալու են Փաշինյանի ուսադիր կրող աշխատողները։ Նրանք առաջնորդվելու են ոչ թե օրենքով սահմանված իրենց պարտականություններով, այլ Փաշինյանի՝ որպես գործատուի կանոններով։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի հետ զուգահեռներ տանելուն, դա արդեն սեփական ինքնասիրությունը շոյող գեղարվեստական զեղում է։ Հայտնի է, որ ի թիվս այլ հոգեկան շեղումների՝ Փաշինյանը տառապում է մշտապես իր անձը այլոց հետ նույնացնելու մոլուցքով։ Ներկա պահին նա իրեն երևակայում է Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին հավասար անձ ու իր անունն ուզում է դնել նրանց անվան կողքից։ Սակայն, թե’ Կարեն Դեմիրճյանը, թե’ Վազգեն Սարգսյանը Հայաստանին ու հայ ժողովրդին ահռելի ծառայություններ մատուցած, երկրի զարգացման ու հաղթանակում հսկայական ավանդ ունեցող մարդիկ են, ազգային հերոսներ, իսկ Նիկոլ Փաշինյանը…պարզապես ոչինչ է։
Կարեն Կարապետյան