Շուրջ երկու շաբաթ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակիչները կանգնած են փաստի առաջ, չեն կարողանում հասնել մայրաքաղաք․ ուսանողները քննության չեն հասնում, հիվանդները՝ բուժհաստատություններ, իսկ աշխատողները՝ ճիշտ ժամանակին աշխատավայր։
Խնդիրն առաջացել է այն պատճառով, որ պետությունն արգելել է «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ին իր տուրիստական մեքենաներով սպասարկել նաև դեպի Երևան եկող քաղաքացիներին։ ՔԿ-ից MediaHub-ի հետ զրույցում պարզաբանել են, որ կազմակերպությունն իրավունք ունի ուղևորափոխադրումներ իրականացնելու միայն ներմարզային երթուղում, իսկ դեպի Երևան մեքենաներ ուղարկելու իրավունք չկա։ Թեև ընկերությունը վստահեցնում է, որ իրենք գործել են օրինական դաշտում, և դա ապացուցվում է նաև դատարանի մի քանի վճիռներով։ Այնուամենայնիվ, այս պահին իրենց մեքենաները իրավապահ համակարգի պահանջով երթուղի դուրս չեն գալիս։
«Արդեն երկու շաբաթ ամեն օր «Յանդեքս» ենք կանչում, մի քանի հոգով Երևան հասնում։ Մարդ չի հասկանում, թե ինչի՞ ա հասնում Երևան աշխատելու, եթե պիտի ամբողջ գումարը տաքսիներին տա։ Նորմալ, մարդավարի գնում-գալիս էինք, էս ինչ բերեցին մեր գլխին։ Հլը հիմա ամառ ա, ուսանողները չեն գնում, բա որ ուսանողներն էլ սեպտեմբերից ավելանան, էդ 5-6 չխկլտիկ «գազելներով» ո՞նց ենք գնալու»,- դեռ մեկ շաբաթ առաջ MediaHub-ի հետ զրույցում նեղսրտած ասել էր քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ մեզ պատմեց, որ Սևանն այն համայնքներից է, որտեղ միջմարզային երթուղին միշտ շատ լավ է աշխատել, մարդիկ արագ ու անվնաս գնացել ու հասել են իրենց գործերին։
«Էդ ո՞նց եղավ, որ 2020-ից սպասարկող ընկերությունը էսօր դարձավ անօրինական, իսկ մյուսը, որ մի օր գործում էր, մի օր՝ չէ, հավեսով ու եղանակով պայմանավորված էր որոշում մարդկանց սպասարկել՝ օրինական։ Պատերազմի օրերին, քովիդի օրերին մի անգամ չտեսանք, որ մեզ սպասարկեն, բայց էլի, մյուս գծով նորմալ հասնում էինք։ Էնքան ասեցինք՝ Սևանում տրանսպորտի խնդիր չկա, ինքներս մեզ աչքով տվեցինք»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքացիների ասած «մյուս գիծը», որ իրենց խոսքով «հավեսով է» աշխատել, «Ավտոփայլ» ընկերությունն է, որն, ըստ ՏԿԵՆ-ի, 2020 թվականի փետրվարի 3-ից լիցենզիա ունի և աշխատում է օրինականության դաշտում։
Քաղաքացիների բողոքը լսելուց հետո մենք գնացել էինք Սևան՝ լսելու «Ավտոփայլ» ընկերության կարծիքը և ներկայացնելու քաղաքացիների անհանգստությունները և սեփական աչքով տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում։ Դիսպետչերական կետում մեզ վստահեցրին՝ ամեն ինչ կարգին է, իրենք աշխատում են, տարբեր մեքենաներ են ավելացրել, որ մարդիկ նորմալ գնան-գան։ Երբ ընկերության ներկայացուցչին ներկայացրինք քաղաքացիների դժգոհությունը, թե ընկերությունը «իր հավեսով» է աշխատում ու խնդրեցինք ցույց տալ չվացուցակն ու իրենց լիցենզիան, նա ասաց, որ չվացուցակը չեն հասցրել փոխել ու 2023 թվականինն է փակցված պատին, իսկ լիցենզիայի տեղն ինքը չգիտի։ Ինչ վերաբերում է «հավեսով» քշելուն, ապա խնդիրն, ըստ ընկերության ներկայացուցչի, կապված է նրա հետ, որ իրենք 2019-ին սնանկ են ճանաչվել ու մինչև 2023 թվականը չեն աշխատել։
Այս հանգամանքը կասկածելի համարելով՝ փորձեցինք լրագրողական փոքրիկ հետաքննություն անցկացնել՝ հասկանալու, թե ինչպե՞ս է 2019 թվականին սնանկ ճանաչված ընկերությունը 2020-ին լիցենզիա ստացել։
Նախ բաց աղբյուրներից ու մամուլի որոշ հրապարակումներից տեղեկացանք, որ «Ավտոփայլ» ընկերությունը կապված է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի եղբոր որդու՝ Կարեն Պետրոսյանի անվան հետ։ Վերջինս երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, ասում են՝ նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի մտերիմ շրջանակի աջակցությունն ունի։ Ինչևէ, մամուլի հրապարակումները որպես հիմք չընդունելով՝ դիմեցինք ՏԿԵՆ-ին՝ հասկանալու, թե ինչպես է սնանկ ճանաչված ընկերությունը կարողացել լիցենզիա ստանալ։
Մասնավորապես, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին խնդրել էինք ներկայացնել, թե՝
- Ե՞րբ է Սևան-Երևան երթուղին սպասարկելու համար մրցույթ հայտարարվել։
- Քանի՞ ընկերություն է դիմել ու ո՞վ է հաղթող ճանաչվել։ Ո՞ր հարթակում են հրապարակվել մրցույթի արդյունքները։
- Քանի՞ մեքենա ունի հաղթող ընկերությունը։
- Հաղթող ընկերությունն իրավունք ունի՞ բացի իր դեղին համարանիշներով մեքենաները, այլ մեքենաներ ևս ներգրավել ուղևորափոխադրում իրականացնելու համար։
- Ե՞րբ է Սևան-Երևան երթուղին սպասարկելու համար մրցույթ հայտարարվել։
- Քանի՞ ընկերություն է դիմել ու ո՞վ է հաղթող ճանաչվել։ Ո՞ր հարթակում են հրապարակվել մրցույթի արդյունքները։
- Քանի՞ մեքենա ունի հաղթող ընկերությունը։
- Հաղթող ընկերությունն իրավունք ունի՞ բացի իր դեղին համարանիշներով մեքենաները, այլ մեքենաներ ևս ներգրավվել ուղևորափոխադրում իրականացնելու համար։
- Եթե հիմք ընդունենք «Ավտոփայլ» ընկերության պնդումները, թե ինքն է հաղթել, և մրցույթը եղել է ընկերության սնանկ ճանաչվելուց առաջ, ապա ի՞նչ հիմքով է «Ավտոփայլ» ընկերությունը ստացել ու շարունակել պահպանել լիցենզիան։
Ի պատասխան մեր հարցման՝ ՏԿԵՆ-ից նշել են. «ՏԿԵ նախարարի 2020 թվականի փետրվարի 3-ի թիվ 115-Ա հրամանով «Ավտոփայլ» ՍՊԸ-ին տրվել է սպասարկման իրավունք՝ «Երևան-Սևան» թիվ 317 միջմարզային երթուղու ժամանակավոր սպասարկման համար։ Ընկերությունը երթուղին սպասարկում է 5 տրանսպորտային միջոցներով։ Մրցույթի արդյունքները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում։ Վերոնշյալ երթուղու համար հայտարարված մրցույթին դիմել է մեկ կազմակերպություն»։
Ըստ օրենքի՝ մրցույթի մասին հայտարարությունը պետք է լինի մրցույթից 45 օր առաջ, սակայն, մենք չկարողացանք գտնել այդ հայտարարությունը։ Նախարարությունից էլ հարցի այդ մասն անտեսել էին։
ՏԿԵՆ-ից հաստատել են, որ «Ավտոփայլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել 2019 թվականի հունիսի 24-ին, և միաժամանակ սկսել է առողջացման ծրագիր, իսկ 2023 թվականի մարտի 10-ին դատարանի վճռով ընկերությունը համարվել է առողջացած։ Այսքանով ՏԿԵՆ-ն ամփոփել է մեզ ուղարկված պատասխանը, սակայն մեր հարցը, թե ինչպե՞ս է սնանկ ճանաչված ընկերությունը, որ այդ պահին իրավունք չունի ուղևորափոխադրումներ իրականացնելու, լիցենզիա շահել։ Եվ, եթե անգամ ինչ-որ տարբերակով հնարավոր էր լիցենզիա ստանալ, ապա ինչպե՞ս է ընկերությունը 4 տարի երթուղին չսպասարկելով, պահպանել լիցենզիան։
Նշենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է՝ կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկելու իրավունքից ընկերությունը զրկվում է, եթե չի կատարում հաստատված չվացուցակներով սահմանված երթերը, խախտում է մեկնման ժամերը, ինքնակամ շեղվում է երթուղու ուղեգծից, և խախտում է երթուղու սկզբնակետն ու վերջնակետը։ Արդյո՞ք չորս տարի երթուղին չսպասարկելը չի ենթադրում, որ այս բոլոր կետերը խախտել է ընկերությունը։
Հարցերը շատ են, մենք ձեռնպահ ենք մնում այս գործընթացին որևէ որակում տալուց, և հույս ունենք, որ ՏԿԵՆ-ը վերը նշված անհասկանալի հարցերի մասով պարզաբանում կներկայացնի։