1 կողմ, 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը չներառեց լիագումար նիստերի օրակարգ։ Միակ կողմ քվեարկողը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էր։
Նշենք, որ այս նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել և, հետևաբար, հավելյալ քվեարկությամբ խորհրդարանը պետք է որոշեր` այն ներառել լիագումար նիստերի օրակարգ, թե ոչ։
Իր ելույթի մեջ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ այս նախագծով մեր երկիրը պետք է գնա ինստիտուցիոնալ բարեփոխումների` վճռական որոշումների, ճանապարհով և նվազագույնի հասցվի չարաշահումների հնարավորությունը։ «Չկա հետաձգում»,– եզրափակեց իր ելույթը նա։
Այնուամենայնիվ, ինչպես մյուս պատգամավորները, Սարգսյանն ինքը դեմ քվերակեց, իր իսկ բնորոշմամբ, իր բերած ինստիտուցիոնալ նախագծին:
Սա լավագույնս է ապացուցում բանակի նկատմամբ իշխանության մոտեցումը: Գրվում և տևական ժամանակ քննարկման առարկա են դարձնում
«Բանակից փողով ազատվելու» անունը ստացած նախագիծ, քննարկում են հանձնաժողովում և ահա
հայտարարում են, որ դեռ լրամշակման կարիք ունի: Նախագիծը ներկայացնողն իր նախագծին
դեմ է քվեարկում: Այսինքն, բանակում փոփոխությունների, և հատկապես նման որակի փոփոխություններին,
որ էական դեր պետք է ունենա, կարելի է անլուրջ մոտենալ:
Նույն Հայկ Սարգսյանը հանձնաժողովի նիստին արհեստական բանականությունից գեներացրած տվյալներ էր բերել, որով հիմնավորում է, որ բանակը նման փոփոխության կարիք ունի: Եվ ցավալին այն է, որ նման «լրջության» մակարդակը գործում է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այստեղ միակ դրականն այն է, որ ի վերջո արհեստական բանականությամբ, ոչ թե մարդային և հատկապես հայի բանականությամբ ստացված նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ: Ինչը, պետք է ընդունել, որ հաջողվեց միայն քաղաքացիների զանգվածային դժգոհության և ընդդիմադիրների համառ ջանքերի շնորհիվ: Վատագույնն էլ այն է, որ նախագծի հեղինակը դեռ կարծում է, որ այդ խնդրահարույց նախագիծը պետք է, թեև քվերակելիս ինքը դեմ է քվեարկում: