Foto

Փաշինյանը ռուսամետ, թուրքամետ, ադրբեջանամետ չի, իշխանամետ է, ուզում է պահի իր իշխանությունը ցանկացած գնով. Վանեցյան

Միջանցք բառը մարդկանց պատկերացումների մեջ մի հատ առանձնացված ճանապարհ է, որտեղ կանգնած են զինվորականներ և հսկում են այդ ճանապարհը: Միջանցք տերմինը դա չի նշանակում, միջանցք տերմինը նշանակում է առանց մաքսային հսկողության, առանց Հայաստանի Հանրապետության կարծիքը հաշվի առնելու տեղափոխվող բեռներ: Ամենակարևորը մաքսային հսկողությունն է, որը չեն ցանկանում թողնել, որ Հայաստանը անի: Այս մասին News.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» նշեց “Հայրենիք” կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ 

«Պատերազմի ժամանակ, երբ Հայաստանին անհրաժեշտ էր զենք և զինամթերք, Վրաստանն ասում էր՝ իմ տարածքով չեմ թողնում բերեք, որովհետև ես Ադրբեջանի հետ էլ ունեմ բարեկամական հարաբերություններ, ձեր հետ էլ, ինձ մի խառնեք: Նույնը Իրանն էր անում, բայց Իրանը ինչ-որ տեղ գնաց զիջումների և Ռուսաստանն էր զենք տալիս պատերազմի ժամանակ: Եթե մենք «Զանգեզուրի միջանցքը» ունենում ենք այն ձևաչափով, որը պահանջում է Թուրքիան, Հայաստանի Հանրապետությունը որևէ ազդեցություն, հսկողություն չի ունենա, թե ինչ կտեղափոխեն, ինչ կանեն»,- նկատեց Վանեցյանը: 

Նա հիշեցրեց՝ Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին դեկլարացիա, որը կոչվում էր «Շուշիի հռչակագիր»: Այնտեղ կային Հայաստանին վերաբերող շատ վտանգավոր կետեր, բայց ամենավտանգավոր կետը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որն իրենք ամրագրել են այդ դեկլարացիայում, որից հետո այն իրենք տարել են իրենց երկրներ և խորհրդարանով հաստատել և այդ դեկլարացիային տվել են միջազգային պայմանագրի կարգավիճակ: 

«Ի՞նչ է նշանակում միջազգային պայմանագրի կարգավիճակ: Միջազգային պայմանագիրը ավելի վեր է, քան օրենսդրական բոլոր ակտերը։  Հիմա Ադրբեջանը և Թուրքիան իրենց ներքին օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն այդ դեկլարացիայի դրույթներին՝ սա պետական օրակարգ է՝ «Զանգեզուրի միջանցքը» իրենց ուզած ձևով բացելու համար: Դրան կարելի է դիմադրել, բայց մենք ամեն օր ժամանակ ենք կորցնում»,- ասաց Վանեցյանը։

«Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ, արևմտամետ, թուրքամետ, ադրբեջանամետ է, ոչ, Փաշինյանը միայն իշխանամետ է, նա ուզում է պահի իր իշխանությունը, և իր իշխանությանը որևէ սպառնալիքի դեպքում ինքը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ անգամ Հայաստան պետության կորստին, պետականության կորստին, միայն թե ինքը լինի իշխանություն»,- հայտարարեց Վանեցյանը: