Պակիստանն անորոշ ժամանակով Բելուջիստանի նահանգում պաշտոնապես փակել է Իրանի հետ մի քանի կարևոր սահմանային անցակետեր՝ Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության հետևանքով առաջացած տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մտահոգությունների սրման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Pakistan TV-ն։
Քայլը, որը հայտարարվել է նահանգի տարբեր փոխկոմիսարների կողմից, նպատակ ունի պաշտպանել հասարակական անվտանգությունը։
Փակումը վերաբերում է Գվադար և Փանջգուր շրջանների կարևորագույն անցակետերին, այդ թվում՝ Գաբդ-Կալատոյին և այլ երթուղիներին: Մինչև հետագա ծանուցում դադարեցվել է ինչպես հետիոտների, այնպես էլ վառելիքի տեղափոխումը։
Պաշտոնյաներն ընդգծել են, որ այս նախազգուշական միջոցառումները ձեռնարկվել են Իրանում և տարածաշրջանում հնարավոր անկայունության դեմ պայքարի շրջանակներում։
Պակիստանը շարունակում է ջանքեր գործադրել արտասահմանում իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հաստատել է, որ նախորդող օրերին Իրանից տարհանվել է 450 պակիստանցի ուխտավոր, բացի այդ, նախատեսվում են ուխտավորների և ուսանողների հետագա տարհանումներ Իրանից և Իրաքից։
Չնայած հետիոտների և վառելիքի տեղաշարժի մեծ մասը դադարեցվել է, սակայն որոշ հաղորդագրություններ ցույց են տալիս, որ Չագայի շրջանում գտնվող Թաֆտանի սահմանային անցակետը շարունակում է գործել առևտրի և Պակիստանի վերադարձող քաղաքացիների համար, չնայած նոր մուտքերը դեպի Իրան սահմանափակված են։
Տեղական իշխանությունները կոչ են արել Բելուջիստանի բնակիչներին խուսափել ոչ հրատապ ճանապարհորդություններից և զգոն մնալ աշխարհաքաղաքական այս սրված անորոշության շրջանում: Ակնկալվում է, որ անցակետերի փակումն իր ազդեցությունը կունենա օրավարձով աշխատող անձանց և մանր առևտրականների վրա, որոնք կախված են սահմանային տեղաշարժից։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին օգնելու նպատակով Իսլամաբադում գործարկել է շուրջօրյա գործող ճգնաժամային կառավարման ստորաբաժանում՝ խորհուրդ տալով ուխտավորներին վերանայել Իրան և Իրաք ուղևորվելու ծրագրերը: