Իսրայել-Իրան
հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում։ Vesti.am-ը
թեմայի վերաբերյալ հարցեր է ուղղել իրանագետ
Էմմա Բեգիջանյանին։
-
Տիկի՛ն Բեգիջանյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ
հակամարտությունը մեր տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ռուսատանի միջնորդի
դեր ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարությունները։
-
Կարևոր է նաև
Թրամփի այն հայտարարությունը, որով ասաց, որ բացառված չէ ԱՄՆ-ի միջամտությունը։ Սա
նշանակում է, որ ամբողջ տարածաշրջանը՝ Միջին Արևելքը, կարող է ներքաշվել այս պատերազմի
մեջ։ Եթե Ադրբեջանը չափն անցնի, բացառված չէ, որ Իրանը կհարվածի Ադրբեջանում գտնվող
իսրայելական կառույցներին։ Սա լուրջ մտահոգություն է Թուրքիայի և Ադրբեջանի համար։
Այս սցենարով զարգացումը կընդգրկի ողջ տարածաշրջանը, ինչը ձեռնտու չէ ո՛չ Թուրքիային,
ո՛չ Ռուսաստանին։
-
Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրումն ի՞նչ ազդեցություն
կարող է ունենալ մեզ համար՝ հատկապես ակտիվ սկսել է շրջանառվել այսպես կոչված Զանգեզուրի
միջանցքի հարցը։
-
Իսրայելը սահմանպահական
կետերին հարվածել է Իրանի և Իրաքի քրդական ինքնավարության տարածքից, որտեղ Իսրայելը
մեծ ազդեցություն ունի։ Այս իրավիճակում լարվածությունը բնական է։ Պատահական չէր նաև
Իրանի նախկին նախագահ Ռայիսիի ուղղաթիռի պայթունը։
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր հայտարարեց,
որ Իրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև «թշնամու ռեժիմի» լիակատար
ոչնչացումը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռազմական գործողությունները տևական ընթացք կունենան։
-
Երկար շարունակվել
չեն կարող, բայց առայժմ կշարունակվեն։ Իսրայելն օդուժի առումով մեծ առավելություն ունի։
Իրանը շուրջ 50 տարի եղել է սահմանափակումների մեջ և ինքնաթիռներ շատ չունի, իսկ եղածներն
էլ բավական հին են։ Իրանի հիմնական ուժը բալիստիկ հրթիռներն են, իսկ Իսրայելը
զինված է առաջատար և գերժամանակակից ինքնաթիռներով և հրթիռներով, բացի այդ թիկունքին
ունի Թրամփի լիակատար աջակցությունը։ Իսրայելը, սակայն, չունի ռազմավարական խորություն,
իր տարածքը շատ փոքր է և ավերածություններն անխուսափելի են, որքան էլ որ գործի է դրված
եռաշերտ ՀՕՊ-ը։ Իրանի հարվածներից տեղ հասածները շատ լուրջ ավերածությունների պատճառներ
են դառնում։ Բացի այդ, Իսրայելի ժողովուրդը պատրաստ չէ դժվարությունների այնպես՝ ինչպես
Իրանի ժողովուրդը։ Իսրայելի բնակչութան երկար ժամանակ ապաստարաններում մնալը լուրջ
տնտեսական խնդիր է առաջցնում փոքր երկրի համար՝ արտադրություններն արդեն դադարեցված
են։ Ի հակադրություն՝ Իրանում կյանքը շարունակվում է, տնտեսությանն էական վնաս հասցված
չէ։ Այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող պետք է միջազգային միջնորդների միջոցով
ընդհանուր հայտարարի գան։
- Այսօր հայտարարվեց, որ հանդիպում է նախատեսվում Իրանի և Թուրքիայի նախագահների միջև։ Կարո՞ղ ենք ենթադրել որ այս հանդիպմամբ Թուրքիան փորձելու է միջնորդի դերն իր ձեռքը վերցնել։ Եթե այո, ապա այս գործողությամբ ևս Թուրքիայի դերը տարածաշրջանում կմեծանա՞։ Այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա։
-
Էրդողանը յոթ
երգ գիտի, յոթն էլ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին և դա էլ շահարկելու է Իրանի
հետ շփումներում։ Սակայն Իրանն այս հարցով զիջումների չի գնա։ Իրանի նախագահը շատ լավ
գիտի, որ Էրդողանը պարզապես խոսում է, իսկ իրականում իր հարաբերություններն Իսրայելի
հետ շատ սերտ են։ Միջնորդի դերակատարությունն ազնվ չէ, Էրդողանը պարզապես ամեն տեղ
և ամեն ինչում փորձում է երևալ։