Foto

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները իրենք պետք է զսպեն Ռուսաստանին. Պենտագոնի ղեկավար

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները իրենք պետք է ապահովեն իրենց պաշտպանական կարողությունները, այդ թվում՝ զսպելու Ռուսաստանին։

Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Նրա խոսքով, այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ը շահագրգռված է նաև իր ներկայության մեծացմամբ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այսինքն՝ Եվրոպայից դուրս։

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները Ռուսաստանին զսպելու տնտեսական ուժ ունեն: Երբ մենք մեր ուշադրությունը տեղափոխում ենք Խաղաղ օվկիանոս, մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները ավելի շատ ռեսուրսներ կհատկացնեն պաշտպանությանը, որպեսզի ստեղծեն ուժեղ զսպող վահան Եվրոպայում», - ասել է Հեգսեթը:

Նշենք, որ հունիսի 5-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Փիթ Հեգսեթը հորդորել է դաշնակիցներին ընտելանալ այն մտքին, որ «Ամերիկան ​​չի կարող և պարտավոր չէ միաժամանակ պաշտպանել բոլորին»։

Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների ճնշող մեծամասնությունը համաձայնել է կատարել Վաշինգտոնի պահանջը՝ ազգային պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։