Foto

Թուրքիայում Կուրբան Բայրամին տուժել է ավելի քան 14 հազար մարդ

Կուրբան Բայրամի տոնակատարության առաջին օրը ավելի քան 14 հազար մարդ Թուրքիայի բժշկական հաստատություններ է դիմել կենդանիների զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքներով։ Այս մասին X-ում հայտնել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

Ընդհանուր առմամբ հիվանդանոցներ է դիմել 14 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում, գրել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ նմանատիպ միջադեպերից խուսափելու համար կենդանիների մորթը պետք է իրականացվի մասնագետների կողմից։

Կուրբան Բայրամը (Իդ ալ-Ադհա) նշվում է մուսուլմանական լուսնային օրացույցի Զուլ-Հիջջա ամսվա 10-րդ օրը (այս տարի բաժին է ընկնում հունիսի 6-ին) և նշանավորում է հաջի՝ մուսուլմանների՝ Մեքքա ուխտագնացության ավարտը։ Ավանդաբար տոնը հավատացյալների համար սկսվում է աղոթքով, որից հետո նրանք կատարում են կենդանիների զոհաբերության ծեսը։ Այս ավանդույթը կապված է Իբրահիմ (Աբրահամ) մարգարեի պատմության հետ, որին Տերը փորձություն էր ուղարկել՝ զոհաբերել իր որդուն՝ Իսմայիլին։ Վերջին պահին Ամենակարողը, տեսնելով Իբրահիմի վճռականությունն ու հավատքի ուժը, նրան հրամայել է խոյ մորթել։