Foto

Որդիս լավ է, ձին հետը բերել է. Արմեն Ջհանգիրյան

Երեկ ուշ երեկոյան սյունեցի դեռահասները տուն են վերադարձել իրենց ձիերի հետ։ 18 տարին դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանի հայրը՝ Արմեն Ջհանգիրյանը, «Փաստինֆո»-ին հավաստիացրել է, որ տղան լավ է, ձին՝ հետը բերել է։ Ըստ նրա՝ տղան ուշացել է մառախուղի պատճառով։


«Մի ողջ օր, ավելի ճիշտ՝ մի ամբողջ ցերեկ տևեց սպասումները։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Գնացել էին ձիուն փնտրելու, մառախուղ է եղել, մեր տարածքում մոլորվել են, սպասել են, մինչև մառախուղը ցրվի, կողմնորոշվել են ու եկել տուն», – ասել է հայրը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն անգամ պաշտոնապես հայտնել էր, որ պատանիները հայտնվել են ադրբեջանական կողմում։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ», – նշվում էր ԱԱԾ-ի հայտարարության մեջ։

Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ տղաները ձիերը որոնելու նպատակով գնացել էին արոտավայրեր, սակայն Տեղ խոշորացված համայնքի արոտավայրերի մեծ մասը հիմա համարվում է չեզոք գոտի կամ էլ գտնվում է ադրբեջանական հսկողության ներքո։ Ավելին՝ տեղեկություններ կային, որ տղաները առևանգվել են հենց պայմանական կոչվող չեզոք գոտուց։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով։

Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ն հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր արդեն նույն ԱԱԾ-ն հայտարարեց, թե տղաների հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ «Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – հայտարարել է ԱԱԾ-ն՝ այդպիսով փաստացի մեղադրելով ՔԿ-ին ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Հարցին՝ արդյոք տղաներին ու նրանց հարազատներին հրահանգվել է թաքցնել իրականությունը, Արմեն Ջհանգիրյանը պատասխանել է, որ իրեն ոչ ոք չի կարող ասել՝ ինչ ասել, ինքը ասում է այն, ինչ կա. իր համար ամենակարևորը որդու ողջ և առողջ տուն վերադարձն է։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլուզն էլ դեպքի վերաբերյալ նախընտրում է քիչ խոսել. «Իմ խնդիրն այն էր, որ համայնքի դեռահաս բնակիչները տուն վերադառնային, այդ խնդիրը լուծվել է, մնացած հարցերով ԱԱԾ-ին ու քննչական մարմիններին դիմեք»,– ասել է նա։

 

Լուսանկարում՝ ադրբեջանական կողմում հայտնված տղաներն են

Աղբյուր՝ Փաստինֆո