Ընթացիկ տարում անընդհատ խոսել ենք նաև հանցավորության աճի, հանցավորության տարբեր դրսևորումների, տենդենցների և մնացյալի մասին, բայց նշել եմ և նորից եմ շեշտադրում՝ կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի ՆԳՆ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց նախարար Արփինե Սարգսյանը:
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում դեռ անելիքներ կան, բայց համեմատականի համար նշեմ, որ 2024 թվականին առգրավվել է շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է 202 կգ-ով։ Բայց նաև շեշտեմ՝ պահպանելով գիծը, 2025-ին ևս հետևողականորեն շարունակվում են այս ուղղությամբ աշխատանքները: Ամբողջ իրավապահ համակարգի կողմից, ըստ էության, այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կգ թմրամիջոցի առգրավում որպես այդպիսին»,- ասաց նա:
Շարունակելով վիճակագրական տվյալներ ներկայացնել, նախարարն անդրադարձավ նաև զենք-զինամթերքի առգրավման աշխատանքներին և նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին:
2024 թվականի կտրվածքով առգրավվել է կամ կամավոր հանձնվել է 1,579 միավոր հրազեն, որը 10.7% ով ավելին է նախորդ տարվա առգրավված ցուցանիշի համադրությամբ։ Այսինքն, այս խմբաքանակով ապօրինի պահվող զենք զինամթերք դուրս է բերվել շրջանառությունից։
Ճանապարհատրանսպորտային պատահարները մեր այն ուղղություններից են, որոնք որ կարիք ունեն էլ ավելի մեծ ուշադրության, էլ ավելի մեծ ջանքի և պարեկային ծառայությունն այս տեսանկյունից հատուկ կենտրոնացում է ունեցել թեմայի ուղղությամբ: Ըստ այդմ, 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով, վիրավորներինը՝ 421-ով։ Եվ սա այն պայմաններում, երբ որ արդեն իսկ գրեթե միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված ՀՀ տարածքում»,- ասաց նա: