«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.
«Արարատ համայնքի սիրելի բնակիչներ,
Ինչպես գիտեք արդեն երեք ամիս է համայնքային իշխանությանը չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել և որոշումներ կայացնել։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, «Հանուն հանրապետություն» խմբակցության ղեկավարի կալանավորումից հետո իշխանությունը կորցրել է մեծամասնությունը և ընդդիմադիր
ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով գնալ արտահերթ ընտրությունների։
Ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում համայնքային իշխանությունը չի լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները՝ ավելացնելով նորերը, և մեր համայնքին պետք է համայնքի շահերի մասին մտածող նոր իշխանություն։
Այս ընթացքում, մեզ համար զարմանալիորեն հունիսի 2-ին արտահերթ նիստին մասնակցել է «Հզոր համայնք» ընդդիմադիր խմբակցությունը, թեև օրակարգի հաստատմանը դեմ է քվեարկել՝ տապալելով նիստի անցկացումը։
Ընդդիմադիր գործընկերներին կոչ ենք անում շարունակել բոյկոտել ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով հասնել արտահերթ ընտրությունների։
Կառավարությանը կոչ ենք անում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակներում վաղաժամկետ դադարացնել Արարատ համայնքի ավագանու լիազորությունը և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ»։