Foto

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նա ուղերձներ է հղել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին:

«ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա՝ ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Կատարվում է ազգային իրավակարգավորման համակարգերի ներդաշնակեցում կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր»,- ասվում է ՌԴ ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն ամեն կերպ ամրապնդել կառուցողական բազմակողմ համագործակցությունը՝ ի շահ իրենց ժողովուրդների, եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման շահերից։

«Ձեզ մաղթում եմ առողջություն և հաջողություն, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում։

Աղբյուրը՝ tert.am