Foto

Նորատուսում գայլերը հոշոտել են 70-ից ավելի ոչխար և գառ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսել, ապա ընտանքի անդամների հետ դուրս է եկել և նկատել, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արայիկը պատմել է մանրամասները․

«Ժամը 01։20-ի կողմերը կլիներ, տարօրինակ ձայներ լսեցինք, ընտանիքով դուրս եկանք ու ինչ տեսնենք՝ մի իսկական աղետ։ Մի քանի գայլ հոշոտել էին գառներից մոտ 70-ին, մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ Գայլերի կողմից հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ են, որ պետք է ծնեին, մի մասին իրենց հետ տարել են, մի քանիսին էլ սատկած բերել հասցրել են մեր տների մոտ։

Նույն պահին դեպքի մասին տեղեկացրեցինք գյուղապետին, ում հանձնարարականով տեղակալը եկավ, տեղեկացրեցինք նաև ոստիկանության Գավառի բաժին, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկան, արձանագրեցին տեղի ունեցածը, հիմա սպասում ենք լույսը բացվի, որպեսզի խնդրանքով դիմենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ գոնե մեզ օգնության ձեռք մեկնեն»։