Foto

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն խստորեն դատապարտում է Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի հրկիզումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի մայիսի 6֊ի առաջին ժամերին, Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի հրկիզումն անմիջապես հաջորդեց մի քանի օր առաջ, Նոր Նորքի թաղապետարանում, մեկ այլ ընդդիմադիր քաղաքացու «ոհմակով» ֆիզիքական ծեծի ենթարկելուն։

Հայաստանում՝ Երևանում, քաղաքական ընդդիմադիր կեցվածքի համար, իշխանությունը ներկայացնող անձանց կողմից, փողոցային հաշվեհարդարի կամ անձնական գույքի նկատմամբ ոտնձգությունները փաստում են, որ մեր հայրենիքը թևակոխել է «քաղաքական» զարգացումների նոր հանգրվան, և այդ դաշտում խաղի կանոնները փոխվել են։

Կարծես բացվում է «Պանդորայի» հրեշավոր արկղը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն խստորեն դատապարտում է Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի հրկիզումը և իրավապահ մարմիններից պահանջում անաչառ և արագ արձագանք` բացահայտել այդ արարքը կատարողին և պատվիրատուին (եթե այդպիսիք կան), բոլորին պատժել օրենքի ողջ խստությամբ։ Տա Աստված, որ այս երկու դեպքերն իրար կապված չլինեն և գեթ երկրորդը չունենա քաղաքական ենթատեքստ։