Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամեն ինչը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում՝ հենց թաղապետի հետ միասին խմբով ծեծի են ենթարկել հասարակական գործիչ Արթուր Չախոյանին, որը պարբերաբար բացահատում էր քաղաքային իշխանությունների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին։
Ընդ որում, այս պահին Արթուր Չախոյանը հիվանդանոցում է՝ ստացված վնասվածքների հետևանքով և դատաբժշկական փորձաքննության չի ենթարվել։ Փաստաբանը նշում է՝ Չախոյանը հոսպիտալացված է, չի կարող այցելել դատաբժիշկի, պետք է միջոցներ ձեռք առնեն՝ հիվանդանոցում փորձաքննություն իրականացնելն ապահովելու համար, ինչի վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է, բայց առ այս պահը վարույթն իրականացնող մարմնից պատասխան չի ստացվել։ Եփրիկյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ դատաբժշկական փորձաքննությունը, առավել ևս՝ նման դեպքերում պետք է հնարավորինս շուտ իրականացվի, մտավախություն կա, որ սպասում են՝ վերանան Արթուր Չախոյանի մոտ առկա վնասվածքները, ինչից հետո դատաբժշկական փորձաքննությունը կկրկի ձևական բնույթ։ Այն, որ առ այս պահը Արթուր Չախոյանին չի տրվել տուժողի դատավարական կարգավիճակ, փաստաբանի դիտարկմամբ, վարույթն իրականացնող մարմնի բացթողումն է։
Հարցին՝ արդյո՞ք փորձ է արվում ծածկադմփոց անել ֆիզիկական բռնության դրվագը, փոխարենը՝ քննություն կիրականացվի ենթադրյալ խուլիգանության դրվագը՝ Եփրիկյանը պատասխանեց․ «Ծածկադմփոց արվում է կոռուպցիան, խոշտանգումը, պետական պաշտոնյայի կողմից բացահայտ խուլիգանությունը, ամենաթողությունը, հովանավորչությունը, անպատժելիությունը, բեսպրեդելը՝ ոչ մեծ ծանր հանցագործություն համարվող ֆիզիկական բռնության հանցակազմի համար։ Զուգահեռաբար հավասարության նշան դնելու փորձ կատարելու համար Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին ակնհայտ ապօրինի, իրավական սյուրռեալիզմի ամենացցուն կերպով մեղսագրվում է խուլիգանություն, մինչդեռ նրանք քննադատությամբ էին հանդես եկել և իրականացրել են քաղաքացիական ակցիա»։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ խմբով ծեծի են ենթարկել կոռուպցիայի մասին բացահատումներ անող բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Թաղապետարանի չորս աշխատակցի, այդ թվում՝ թաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
Տուժած Չախոյանը, սակայն, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին իրավապահները մեղադրում են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Որպես խուլիգանություն որակվել է ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում նրանց բողոքի ակցիան, որը հաջորդել էր թաղապետի կողմից Չախոյանի հասցեին հնչեցված սպառնալիքներին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան