Foto

Փաշինյանը պետք է ընտրություն կատարի իր ու Ավինյանի միջև. Տիգրան Քոչարյան

«Փաշինյանն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ նա զոհաբերում է Ավինյանին և մնում է որպես հիմնական ուժեղ դեմք, կամ ընդունում է, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավարը իրենից շատ ավելի ազդեցիկ է ու կարող է իշխանությանը վերջնագրեր ներկայացնել»,- «Փաստինֆո»-ի եթերում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։


Նրա խոսքով՝ հնարավոր է իրավիճակը օգտագործել Ավինյանին թուլացնելու համար․ «Թե բա՝ ի՞նչ ես արել, ոնց են խոսում քո ենթակաները քեզ հետ, դու ընդհանրապես ի՞նչ մենեջեր ես։ Իրականում Ավինյանը արդեն բավականին թուլացել է։ Բայց սա իշխանության համար շատ վատ ազդակ է, սա Փաշինյանի հասցեին հնչած դեղին քարտ է»։

Անդրադառնալով գեներալ Բալասանյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին՝ Քոչարյանն ընդգծեց․ «Նման նամակները պետք է շատ լինեն։ Դրանք պետք է գրեն Շահրամանյանը, արցախցի մտավորականները, մարդիկ, որոնք ազդեցություն ունեն թե՛ արցախցիների, թե՛ ՀՀ քաղաքացիների շրջանում։ Սա պետք է դառնա համընդհանուր գործընթաց»։

Մեդիափորձագետը նաև հավելեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ փոսում են, ու այդ փոսը շարունակվում է խորանալ․ «Նույն բանը եղավ Աբխազիայում, որը Ռուսաստանը քիչ էր մնում կորցներ։ Մի փոքր էր մնացել, որ Աբխազիան անցներ թուրքական ազդեցության տակ, և դա մեծ վտանգ էր այնտեղի հայ համայնքի համար։ Արձանագրվել էին բացահայտ սպառնալիքներ։ Սերգեյ Կիրիենկոյի ու իր թիմի աշխատանքի շնորհիվ հաջողվեց իրավիճակը կայունացնել։ Ովքեր նրան ճանաչում են, գիտեն՝ Կիրիենկոն գերազանցիկ է։ Նա փրկեց Աբխազիան, և, երևի, հենց այդ պատճառով էլ ընտրվել է Հայաստանի հետ կապված հարցերի համակարգող»,- ասաց Քոչարյանը։