Foto

Դպրոցականները գումարի համար երգել են Փաշինյանի համար

Ապրիլի 26-ին Փաշիյանի իշխանության հռչակած Քաղաքացու օրն էր։ Այդ առթիվ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլի մասնակիցների և նրանց մարզիչների հետ:  Սա Փաշինյանի՝ դպրոցականների հետ հանդիպման առաջին փորձը չէր, բայց ուշագրավ էր։ Հաճախ շատ կարևոր ուղերձներ նա փոխանցում է նման հանդիպումների ժամանակ։ Դեռ Բրյուսել մեկնելուց առաջ Բազմաբերդում Հայաստանը բաժանեց «իրական» և «պատմական» տեսակների, ապա նաև հայտարարեց, որ ինքն ընտրում է «իրականը» և երեխաներին համոզում էր՝ թե ինչու։ Առհասարակ այս հայտարարություններից հետո Փաշինյանի ցանկացած արարք կարելի է դիտարկել իր իսկ ներկայացրած «իրական» Հայաստանի պրիզմայից։

Աղվերանում հանդիպման ժամանակ աշակերտները հատուկ երգել ու նվագել են Փաշինյանի համար։ Առաջին հայացքից կարող է շատ սովորական և նույնիսկ ժողովրդական երևալ։ Կարծես ողջունելի է, որ երկրի ղեկավարը ժամանակ է գտնում դպրոցահասակ պատանիների և նրանց ուսուցիչների հետ շփվելու, ինչու ոչ՝ նրանց շհորհալի տաղանդները բացահայտելու և հուզող հարցերին պատասխանելու։ Բայց այստեղ զավեշտն այլ տեղում է։ Փաշինյանի առաջ աշակերտները ոչ թե երգում և իրենց տաղանդն էին ցուցադրում, այլ վաճառում էին այն։ Այո-այո, Փաշինյանն ընթացքում որոշեց դրամական պարգև բաժանել երեխաներին: Ծափահարություններով հաղթած աշակերտուհիներից առաջին մրցանակակիրը ստացել է 150 հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղը գրաված մասնակիցները՝ համապատասխանաբար, 100 և 50 հազար դրամ: Ստացվում է, որ վարչապետը հենց իր հռչակած քաղաքացու օրը որոշում և գնում է այդ քաղաքացիներից ամենաանմեղներին։ Տարօրինակն այն է, որ այդ երեխաների ծնողները ևս ուրախանում և ծափահարում էին։ Փաշինյանի՝ գումար առաջարկելու պահից սկսած ծնողներն առնվազն պետք է դադարեցնեին երեխաների մասնակցությամբ խայտառակությունը, որ վարչապետն ինքն էլ հասկանար, որ ՀՀ քաղաքացին չի վաճառվում, որ երեխան հասկանար, թե ինչ է արժանապատվությունը և, որ հենց այդ զգացողության համար շատ ու շատ բաներից կարելի է հրաժարվել, նույնիսկ գնալ անձնազոհության։ Հենց այդ արժանապատվությունն ընտրողներն են, որ իրենց երկիր, ապրելու տեղ ու խաղաղ տանիք են թողել՝  իրենց կյանքի գնով։ Նրանք՝ ովքեր այսօր, ցավոք, Եռաբլուրում են։

Այսօր ինչ-որ մեկի առաջ կոտրատվելով երգել ու փող ստանալը խրախուսող մանկավարժից ու ծնողից այդ երեխաներն ինչ օրինակ պիտի վերցնեն, բանակում կամ կյանքում իրենց հարգելու, իրենցը պաշտպանելու համար։ Իրական հայաստանյան պրիզման հենց սա է՝ որտեղ հաց այնտեղ կաց, որտեղ գումար՝ այնտեղ ստորադասվում է ամեն ինչ։ Հենց այդ պրիզման է վաղը ստեղծում 5000 դրամով ընտրության գնացող, բանակում ծառայակցին դավաճանող, թշնամուն բարեկամ անվանող հասարակությունը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան