Foto

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել ենք խորացող մտահոգությունները, որոնք այսօր առկա են ՀՀ-ի քաղաքական և ժողովրդավարական կյանքում․ Էլինար Վարդանյան

Երեկ կարևոր հանդիպում ունեցանք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի (IODA) երկրորդ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք խորացող մտահոգությունները, որոնք այսօր առկա են Հայաստանի քաղաքական և ժողովրդավարական կյանքում՝ հատկապես առաջիկա ընտրական գործընթացների համատեքստում։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։




«Քննարկման առանցքում նախընտրական միջավայրի վատթարացումն էր և իշխանությունների կողմից վարչական ու քաղաքական լծակների բացահայտ կիրառումը։ Ներկայացրեցինք բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց արդեն դուրս է եկել հավասար քաղաքական մրցակցության սահմաններից։ Խոսեցինք պետական ռեսուրսների օգտագործման, համայնքային և վարչական համակարգերի վրա քաղաքական ճնշումների, պետական ծառայողների նկատմամբ ուղղորդումների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ընտրովի իրավական հետապնդումների, ինչպես նաև իշխանական քարոզչամեքենայի միջոցով ատելության և պառակտման մթնոլորտի ձևավորման մասին։ Մանրամասն ներկայացրեցինք ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ նախաձեռնված ապօրինի քրեական վարույթների մասին։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք այն հանգամանքին, որ գործող իշխանությունը նախընտրական գործընթացը վերածում է ոչ թե ծրագրային մրցակցության, այլ սպառնալիքների, վախի և հաշվեհարդարի քաղաքականության։ Հասարակությանը երկրի զարգացման հստակ ծրագրերներկայացնելու փոխարեն, քաղաքացիներին կրկին առաջարկվում է «կբռնենք», «կդատենք», «պատժելու ենք» տրամաբանությունը։ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը տրամադրեցինք իշխող ուժի վիրավորանքների, սպառնալիքների և  ատելության խոսքի ապացույցները՝ կարճ հոլովակի տեսքով։ Թեև վստահ եմ, որ նրանք արդեն տեղյակ էին այդ մասին։


Հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Հայաստանում այսօր ակնհայտորեն արձանագրվում է ժողովրդավարության հետընթաց։ Խոսքի ազատության նկատմամբ աճող ճնշումները, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ թիրախավորված արշավները, ուժային կառույցների քաղաքականացումն ու դատական համակարգի նկատմամբ ազդեցության փորձերը լուրջ հարված են հասցնում իրավական պետության հիմքերին։

Միևնույն ժամանակ, կարևոր համարեցինք ընդգծել, որ բարձր ենք գնահատում միջազգային կառույցների, եվրոպական գործընկերների և ընդհանրապես Արևմուտքի այն ջանքերը, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ընտրական մշակույթի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Սակայն այսօր, ցավոք, ստեղծվում է տպավորություն, որ նույն միջազգային դերակատարները հաճախ աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների նկատմամբ։ Երբ ժողովրդավարական չափանիշների խախտումները չեն ստանում համարժեք արձագանք, ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ, որը միայն խորացնում է քաղաքական ճգնաժամը։ Ժողովրդավարությունը չի կարող լինել ընտրովիության սկզբունքով. այն կամ պաշտպանվում է բոլոր դեպքերում, կամ աստիճանաբար վերածվում է ձևական կարգախոսի»,-գրել է նա։