Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ այս շաբաթ Ստամբուլում կկայանա թե՛ ռուս-ուկրաինական և թե՛ Իրանի ու եվրոպական պետությունների միջև միջուկային բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուս-ուկրաինական հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան: Միայն ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության խոսնակն էր հայտարարել, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները և մասնակցել երրորդ փուլին Ստամբուլում։ Սակայն Ուկրաինայից այս պահի դրությամբ որևէ նախաձեռնություն կամ առաջարկ չենք ստացել։ Կիևը կամ խուսափում է բանակցություններից, կամ պատրաստ չէ դրանց», – նշել էր նա։
Անդրադառնալով Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև հանդիպմանը՝ նշենք, որ այն կայանալու է հուլիսի 25-ին:
Հանդիպումը լինելու է փոխարտգործնախարարների մակարդակով: Իրանական կողմը բանակցություններում ներկայացնելու է Մաջիդ Թահթե Ռավանչին և Քազըմ Գարիբադադին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պավիրակությունների միջև խաղաղության շուրջ վերջին բանակցությունները կայացել էին ընթացիկ տարվա հունիսի 2-ին կրկին Ստամբուլում:
Հանդիպումը տևել էր 1.5 ժամ, սակայն այդպես էլ կողմերը հրադադարի և կամ խաղաղության շուրջ համաձայնության չէին հասել: