ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեկնաբանել է իր վարչակազմի ներկայացուցիչների՝ մասնավորապես Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի հայտարարությունները, որոնք հանդես են եկել մեղադրանքներով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հասցեին։
«Երիտասարդ և տաղանդավոր Հարիսոն Ֆիլդսի հիանալի աշխատանքը FoxNews-ի եթերում։ Խումբը ֆանտաստիկ էր Օբամայի և «ավազակների» դատական հետապնդման հարցում, որոնք քիչ առաջ միանշանակ բացահայտվեցին ամենաբարձր մակարդակի ընտրական խարդախության մեջ։ Շնորհավորում եմ Թուլսի Գաբարդին։ Շարունակե՛ք նույն ոգով», - գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թուլսի Գաբարդը կոչ էր արել պատասխանատվության ենթարկել Բարաք Օբամային և ԱՄՆ ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մեղադրելով նրանց «պետական դավաճանության նպատակով դավադրության» մեջ, որի նպատակն էր ցույց տալ, թե 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ձեռք է բերվել Ռուսաստանի միջամտության շնորհիվ։
Նա ասել է, որ Օբաման և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները «հիմք են դրել բազմամյա պետական հեղաշրջման համար» Թրամփի դեմ՝ Հիլարի Քլինթոնի նկատմամբ նրա հաղթանակից հետո, «կեղծելով հետախուզական տվյալները»՝ ենթադրելու համար, որ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների վրա։
Գաբարդը պնդում է, որ դրա համար օգտագործվել է բրիտանական հետախուզության վերլուծաբան Քրիստոֆեր Սթիլի պատրաստած դոսյեն, որն, ինչպես իրենք գիտեին, անվստահելի էր։
Ընտրություններից հետո ստացված հետախուզության գնահատականները հակասում էին մինչև ընտրությունները ստացված եզրակացություններին, որոնք վկայում էին, որ Ռուսաստանը, հավանաբար, չի փորձել միջամտել ընտրություններին։